Ներքին լուրեր և մարզական կյանք

Առաջարկ
Հուշարձան… լավաշին

Հացը կարեւորագույն սննդամթերքներից է: Աշխարհի ժողովուրդներն իրենց ապրելակերպին հարիր համապատասխան հաց են ստեղծել: Չնայած իրենց ձեւով, թխման եղանակով հացերն իրարից տարբերվում են, սակայն ունեն մեկ ընդհանրություն, բոլորն էլ ունենում են արտաքին կոշտ (չոր) կեղեւ եւ ներսում փափկամաս: Ի տարբերություն աշխարհի բոլոր ժողովուրդների հացերի` հայկական հացը` լավաշը չունի արտաքին չոր կեղեւ, փափկամաս եւ, որն ամենակարեւորն է, այն չի հնանում: Շաբաթներ, ամիսներ, տարիներ պահելով` այն արագ վերականգնում է իր «թարմությունը», դառնում բուրավետ, դյուրամարս եւ սննդարար հաց: Այս հատկանիշներից զուրկ են ներկայումս այլ ժողովուրդների կողմից օգտագործվող ազգային եւ «համազգային» հացերը:

Կրակի հայտնագործումը նախնադարյան մարդու կենցաղը հիմնովին վերափոխեց: Եթե կրակին տաքացած ողորկ քարին խմորի կտոր է ընկել, եփվել-թխվել եւ այստեղով սկսվել հացաթխման մեծ գործընթացը, ապա հայերը շնորհիվ իրենց մտքի պայծառության, կամքի ու ստեղծարար ուժի, կարողացել են ստեղծել թոնիր` հրակայուն պատերով, ստեղծել խմորագնդերը`‘սկզբում քիչ բարակեցնելու, գրտնակելու, ապա եւ օխլավելու, այդ խմորազանգվածն ավելի բարակեցնելու-երկարեցնելու եւ հատուկ բարձի` ռաֆատի (մարզկա -շարուրի բառբառով) միջոցով թոնրի թեժ պատին խփել-թխելու գործընթացը: Ավելին, սովորական խմորը (առանց խմորիչների հունցած) թոնիրի թեժ պատին չի կպչում: Եվ գիտնականներն ապացուցում են, որ հայերը դեռեւս մեզանից 2500 տարի առաջ ծանոթ էին լավաշի խմորի հունցման, խմորայնացման գործընթացին: Կարմիր բլուրի պեղումները հայտնաբերեցին մ.թ. ա. 7-րդ դարի թխված հաց: Եվ այս բոլորը զարմանալի չէ, քանզի հայկական լեռնաշխարհը եղել է մարդկային քաղաքակրթության կենտրոններից: Հացի եփել-թխելը այլոց համար, հավանաբար, ստացվել է ինքնաբերաբար: Հետագայում կատարելագործվել է, սակայն մնացել է հիմնականը` տաք քարին ձեւավոր խմորի եփել-թխելը: Հայերն այս գործընթացը այլ ճանապարով են անցել: Անցել են անհասանելի խորաթափանցության, ձեռներեցության շնորհիվ: Բնակավայրերից ամիսներով հեռու  խաշնարածներին անհրաժեշտ էր հաց, որը, երկար ժամանակ մնալով, չկորցներ սննդային արժեքը, օգտագործվեր հաճույքով եւ լիներ դյուրամարս` առանց ավելորդ թափոնների եւ այլն: Այս խնդիրը հայերը լուծեցին 2500 տարի եւ դեռ ավելի վաղ:
Լավաշն ունենում է 90-100սմ երկարություն, միջնամասում` 40-50սմ լայնություն, ծայրերը քիչ կլորավուն են, իսկ հաստությունը նրա բոլոր մասերում չի անցնում 1,5-2մմ: Մինչ օրս որոշ գյուղական վայրերում նախկինի պես լավաշ են թխում աշնան նոյեմբերին, այնքան, որ այն բավարարում է ընտանիքի պահանջը մինչեւ գարուն: Լավաշ թխելը տոնական է:              
Հրավիրվում է արհեստավարժ հացթուխը, ապա գրտնակողը, ով կլոր խմորագունդը (400-500գ) գրտնակով բացելով տալիս է օխլավողներին: Սրանք, իրենց հերթին, փայտե օխլավով այն ավելի բացում, երկարացնում եւ տալիս են հացթուխին: Սա օխլավին փաթաթած խմոր-լավաշը քաշում է ռաֆատին եւ խփում թոնրի տաք պատին: Ապա եւ պատից հմտությամբ անջատում թխված մյուս լավաշը: Ամենեւին նպատակ չունենալով ներկայացնել հայկական ազգային հացի (մենք ունենք նաեւ այլ հացատեսակներ)` լավաշի ստսցման ամբողջ գործընթացը, ասենք, որ դրա հայտնագործումը, կատարելագործումը իր էությամբ պակաս հայտնագործություն չէ, քան ներկայումս օգտագործող հրթիռներն ու արբանյակները: Այստեղ անհասկանալին եւ ցավալին այն է, որ մինչեւ օրս մենք չենք կարողացել աշխարհին ցույց տալ մեր ազգայինը, մերը, որն աշխարհը չունի: Տարօրինակն այն է, որ բարձրաստիճան ու այլ կարգի հյուրեր ընդունելիս մենք էլ այլոց նման փռում թխված բոքոնի կլոր գնդով ենք դիմավորում: Խեղճ հյուրերը, որքան էլ փորձում են մատնաչափ մի կտոր կտրել դրանից, երբեմն չեն հաջողում: Ի՜նչ նորույթ կա ներկա պահին հյուրին ներկայացրած հացի այդ տեսակի ու հյուրի ազգային հացի միջեւ: Ոչ մի…
Կարծում ենք` թեկուզ ուշացումով մենք պետք է աշխարհին ցույց տանք մերը, որն աշխարհը չունի, մեր լավաշը: Հյուրեր դիմավորենք ազգային տարազով հայուհիների ուսերին մեկական լավաշ փռած, սկուտեղին` աղամանն ու փափուկ լավաշի փոքրիկ կտորներ (թող հյուրը նեղություն չկրի, չչարչարվի բոքոնից մաս կտրելու): Ավելին:
Պետք է կանգնեցվի հուշարձան-կոթող հայկական այդ հավերժական հացին, հաց, որի պատմությունը պետք է գրվի ու զարմացնի աշխարհին: Հակառակ պարագայում մեր հարեւաններն արդեն փորձեր են անում այն սեփականացնելու: Դեռեւս խորհրդային տարիներին Մոսկվայում, վրացական «պուրիները» իրար դարսած` ռուսական առաջատար թերթը գրում է` «Վրացական լավաշ»: Ծովափնյա հանգստավայրերում նույնպես վրացական հացի խանութները այդ հացատեսակը «վրացական լավաշ» էին անվանում: Անգամ ռուսական մասնագիտական գրականությունում վրացական մադաուրի հացին «վրացական լավաշ» անվանումն են տալիս: Դժվար չէ կառուցել հայկական թոնրատուն, առաստաղում` երդիկ, թոնիրն իր օդամուղ-ակով, նստած լինեն հացթուխները, թխեն լավաշ, կից լինի ճաշասրահ, եւ հյուրերը տեսնեն, ճաշակեն հայկական թարմ լավաշը: Պարզապես ստեղծագործել է պետք, ու դա կլինի ոչ միայն հյուրերի, այլ նաեւ զբոսաշրջիկների համար շատ հետաքրքիր եւ անմոռաց վայր: Տիրություն անենք մեր ազգային հացին՝ լավաշին, որը չունի եւ ոչ մի ժողովուրդ:
Հաց, որն անգամ կարելի է արտահանել:  

Սերգեյ Ավագյան   
                         
Ամե՞ն հարկատուին` մեկ տեսուչ

Կառավարության երեկվա նիստում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց «Հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2010թ. ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այսուհետ խոշոր ընկերություններում հարկային տեսուչներ կլինեն:
Ըստ ցանկի, ընտրվել է 24 ընկերություն (որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը): Դրանք են՝  «Ֆարմատեք» ՓԲԸ-ն, «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ն, «Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն, «Օրիֆլեյմ քոսմետիքս» ՍՊԸ-ն, «Սի ընդ Էֆ Քո» ՍՊԸ-ն, «Վեգեքոմ» ՍՊԸ-ն, «Արմեն-Համիկ եղբայրներ Հ/Ձ» ՍՊԸ-ն, «Մոկոնաթ» ՍՊԸ-ն, «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն, «Սլավ գրուփ» ՓԲԸ-ն, «Ալեքս գրիգ» ՍՊԸ-ն, «Ադամիում» ՍՊԸ-ն, «Սարգիս-Կարոլինա» ՍՊԸ-ն, «Գրանդ-տոբակո հայ-կանադական Հ/Ձ» ՍՊԸ-ն, «Արսօյլ Հ/Ձ» ՓԲԸ-ն, «Հարդ լայթս» ՍՊԸ-ն, «ՍՊՍ սիգարոն» ՍՊԸ-ն, «Գրանդ կոմերց» ՍՊԸ-ն, «Դիսթրիմէքս» ՍՊԸ-ն, «Վիդիս դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն, «Ավերս» ՓԲԸ-ն, «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն, «Մասիս տոբակո» ՍՊԸ-ն:
Եթե ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ ցանկում չկան այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են, օրինակ՝ «Ֆլեշ»-ը, «Արմավիա»-ն, «Մուլտի գրուպ»-ը:
Ինչու՞, սրանք խոշոր չե՞ն: Ահա թե ինչ է պատասխանում Տ. Դավթյանը. «Ընտրվել են այն ընկերությունները, որոնք ռիսկային գոտում են: Դրանք դեղերի արտադրությամբ եւ ներկրումով, օղու եւ ծխախոտի բիզնեսով զբաղվողներ են: Օրենքով հարկային տեսուչներ կնշանակվեն այն ընկերություններում, որոնք 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեն: Դրանց թիվը մոտավորապես 100 է, եւ առայժմ ընտրվել է 24-ը: Որոշման հիմնական նպատակը ռիսկային գոտում գտնվող ընկերությունների շրջանառությունը ֆիքսելն է: Այս ամենը պետական եկամուտների կոմիտեի հիմնավորումն է»: ՊԵԿ-ն էլ, իր հերթին նշում է, թե հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների ցանկում ներառվել են դեղագործական ապրանքներ, բուժտեխնիկա, օծանելիք, ծխախոտ ներմուծողներ, դրանք մեծածախ ու մանրածախ իրացնողներ: Մի խոսքով` ամեն խոշորի շլինքին չէ, որ կնստի հարկային տեսուչը…

Սեփ. լրատվություն     

Երեւանում անցկացվում է հայ-իրանական գործարար համաժողով

Հայաստանի մայրաքաղաքում բացվեց հայ-իրանական գործարար համաժողովը, որին մասնակցում են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 83 ընկերություններ ու 108 ձեռնարկատերեր Իրանից:
Ինչպես համաժողովի բացման ժամանակ նշեց «Հայկազ» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, հունիսի 17-24-ը Հայաստանում է իրանական պատվիրակությունը:
«Սա ամենծամեծ համաժողովն է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների պատմության մեջ»,- ասաց նա` հիշեցնելով, որ այս տարվա փետրվարին Թեհրանում հաջողությամբ անցկացվել է հայ ձեռնարկատերերի մասնակցությամբ համաժողով: Նա ասաց, որ հարեւան երկրների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակում են գտնվում, եւ ձեռնարկատերերի առջեւ խնդիր է դրված տնտեսական կապերը պահել նույն մակարդակի վրա: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, եւ երկրներն ունեն դեռևս չօգտագործված ներուժ:
Նա հույս հայտնեց, որ համաժողովը կտա իր դրական արդյունքները, կկնքվեն նոր համաձայնագրեր:

Ծփում է Սեւանը, չի կանչում Սեւանը

Կառավարությունում երեկ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրներ են քննարկվել:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է 2002-2010թթ. կտրվածքով լճի մակարդակի բարձրացման շարժը` տարեկան միջինը 0.36 մ: Նա զեկուցել է, որ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցով նախատեսվում է 23 տարում` 2009-2031թթ. ընթացքում, լճի մակարդակի բարձրացումն իրականացնել 4.65 մետրով` յուրաքանչյուր տարի միջինը 15-20 սմ: Սակայն ջրի մակարդակի առաջանցիկ բարձրացման հետեւանքով առաջացել են մի շարք խնդիրներ: Դրանց լուծման նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի եւ կապի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը եւ անհրաժեշտ միջոցառումների ծավալները:
Գործադիրի նիստը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Սեփ. լրատվություն

Շաբաթվա մարզական կյանքից

Մասնակցում են շուրջ 100 մարզիկ-մարզուհիներ
Հունիսի 22-ից Արմավիրի մարզի «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբի մարզահամալիրում սկսվել է Եվրոպայի նետաձգության «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանում են 8 երկրների շուրջ 100 մարզիկ-մարզուհիներ եւ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի նախագահ, իտալացի Մարիո Սկարզելլայի գլխավորած մասնագետների խումբը: Մասնակիցներին ողջունել է ՀԱՕԿ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Գրան Պրի»-ի  մրցաշարը բացվեց
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցից վերադառնալուց անմիջապես հետո մեկնեց Ջերմուկ, որտեղ մեկնարկել է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի 4-րդ մրցաշարը:
ՀՀ նախագահը հանդիպել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ում հետ էլ ուղղաթիռով մեկնել են Ջերմուկ՝ մասնակցելու մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Այս մրցաշարը շախմատային աշխարհում հայտնի է նաեւ որպես Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշար, որում աշխարհի առաջատար կին գրոսմայստերները կպայքարեն հաղթողի կոչման համար:
7 երկիր ներկայացնող թվով 12 մասնակիցների ցանկում ընդգրկված են աշխարհի կանանց 3 չեմպիոններ: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են մեր 2 առաջատար շախմատիստուհիները:
Ներկայացնում ենք մասնակիցների ցանկը. Հոու Յիֆան (Չինաստան), Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա), Պիա Կրամլինգ (Շվեդիա), Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան), Մայա Չիբուրդանիձե (Վրաստան), Սյու Յուհուա (Չինաստան), Նանա Ձագնիձե (Վրաստան), Լիլիթ Մկրտչյան (Հայաստան), Էլինա Դանիելյան (Հայաստան), Շեն Յան (Չինաստան), Բաիրա Կովանովա (Ռուսաստան) եւ Մարթա Ֆիերո (Էկվադոր):

Գերծանր չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները նվաճեցին 3 ոսկե մեդալ:
Չեմպիոն հռչակվեց Ռուբեն Ալեքսանյանը (գերծանր +105 քաշային կարգում):

«Մարդասպան թագուհի»-ն պատրաստվում է
1-ին միջին քաշային կարգում WBO/WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը իր տիտղոսների պաշտպանության հերթական մենամարտը կանցկացնի հուլիսի 17-ին, Գերմանիայի Շվերին քաղաքում: Հայազգի «մարդասպան թագուհու» մրցակիցը լինելու է մեքսիկուհի Արելի Մուչինոն, ով իր հաշվարկում ունի 11 հաղթանակ (6-ը՝ ժամկետից շուտ): Ս. Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է իր անցկացրած բոլոր 27 մենամարտերը՝ դրանցից 16-ը նոկաուտով:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։